1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
-
- «Համերաշխություն» հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (այսուհետ՝ Հիմնադիր) կողմից կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետամուտ է լինում սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակների (ծրագրերի) իրականացմանը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հիմնադրվել է 2018 թ. նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետությունում, պետական գրանցման համար` 211.172.1045669, ՀՎՀՀ` 02687074, գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, փողոց Մաշտոցի 45Ա շենք, 114 արվեստանոց:
- Հիմնադրի և Հիմնադրամի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ (այսուհետ՝ Կանոնադրություն):
- Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր Հիմնադրի պարտավորությունների, իսկ Հիմնադիրը` Հիմնադրամի պարտավորությունների համար:
- Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով:
- Հիմնադրամի շահառուներն են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձինք, այդ թվում՝ առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները:
- Հիմնադրամի անվանումն է`
- հայերեն` «Համերաշխություն» հիմնադրամ,
- ռուսերեն ՝ Фонд “Солидарность”,
- անգլերեն` “Solidarity” fo
- Հիմնադրամն ունի կլոր կնիք՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով իր անվանմամբ:
- Հիմնադրամն ունի իր անվանմամբ պաշտոնաթղթեր, ձևաթղթեր, ինչպես նաև՝ այլ անհատականացման միջոցներ:
- Հիմնադրամի խորհրդանիշն իրենից ներկայացնում է մոխրագույն և կանաչ գույնի երկրաչապական պատկերներից բաղկացած աղավնի և «Համերաշխություն հիմնադրամ» գրություն:
- Հիմնադրամի իրավունակությունը ծագում է նրա պետական գրանցման պահից և դադարում է նրա լուծարմամբ:
- Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, փողոց, Մաշտոցի 45Ա շենք, 114 արվեստանոց:
2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
-
- Հիմնադրամի գործունեության նպատակն է խթանել ՀՀ քաղաքական դաշտի և քաղաքական գիտակցության զարգացումը:
- Հիմնադրամի նպատակներն են`
- Սոցիալ-դեմոկրատիայի համակիրների շրջանակը ընդլայնումը և քաղաքական այլ գաղափարաբանություններին (այսուհետ՝ Քաղաքական գաղափարաբանություն) ծանոթացումը,
- Հայաստանի առանձնահատկությունների վրա հիմնված սոցիալ-դեմոկրատիայի մոդելի մշակումը,
- Հիմնադրամի շրջանակներում քաղաքական դպրոցի հիմնումն ու գործարկումը՝ նոր քաղաքական գործիչների կայացմանը նպաստելու համար,
- Հիմնադրամի շրջանակներում անկախ հետազոտական կենտրոնի հիմնումն ու գործարկումը քաղաքական, տնտեսական, իրավական, այլ ոլորտային և ոչ ոլորտային հետազոտություններ ու վերլուծություններ իրականացնելու և տարածելու համար,
- Հիմնադրամի շրջանակներում տեղեկատվական կենտրոնի, այդ թվում զանգվածային լրատվության միջոցի հիմնումն ու գործարկումը՝ քաղաքացիների քաղաքական գիտակցության բարձրացման, սոցիալ-դեմոկրատական և այլ Քաղաքական գաղափարաբանությունների արժեքների տարածման համար,
- Հիմնադրամի շրջանակներում քաղաքական քննարկումների ակումբի հիմնումն ու գործարկումը՝ քաղաքական մտքի և քաղաքական ինստիտուտների զարգացումն ապահովելու համար,
- Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվական միջոցների զարգացման ապահովումը:
- Հիմնադրամը իրավունք ունի իրականացնել ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
-
- Հիմնադրամը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
- Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի Հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:
- Հիմնադրի կողմից Հիմնադրամին հանձնված գույքը Հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:
- Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
- Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքում, երբ այն չի հակասում իր կանոնադրական նպատակներին և ծառայում է դրանց կատարմանը:
- Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը: Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:
- Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`
1)քաղաքական դպրոցի շրջանակներում ուսուցման և վերապատրաստման ծրագրերի մշակում և իրականացում,
2) քաղաքական դպրոցի և ակումբի շրջանակներում ուսուցողական և տեղեկատվական սեմինարների, դասընթացների, հանրային իրազեկման միջոցառումների կազմակերպում և իրականացում,
3) հետազոտական և տեղեկատվական կենտրոնների շրջանակներում ուսուցողական և տեղեկատվական նյութերի մշակում և հրատարակում,
4) իր կողմից հիմնադրած ԶԼՄ-ի միջոցով վճարովի ծառայություների մատուցում,
5) խորհրդատվական ծառայությունների մատուցում,
6) սոցիալական ձեռնարկատիրության իրականացում:
4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
-
- Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
- Հիմնադրամի սկզբնական միջոցներն են Հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները: Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, իր կանոնադրական նպատակներին համապատասխան։
- Հիմնադրամի գույքը կարող է ձևավորվել Հիմնադրի ներդրումներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններից և նվիրաբերություններից, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններից և նվիրաբերություններից, պետական բյուջեից ստացված դրամական մուտքերից, դրամաշնորհներից, Հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցներից, հանգանակություններից՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից՝ մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթումից, օրենքով չարգելված այլ միջոցներից:
- Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր Հիմնադիրների, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի և Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ Հիմնադրամի Հիմնադիրները, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողները հանդիսանում են Կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:
- Հիմնադրամն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկային և այլ հաշիվներ բացելու իրավունք Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
-
- Հիմնադրամի կառավարման մարմիններն են Հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) և գործադիր մարմինը՝ գործադիր տնօրենը (այսուհետ` Տնօրեն):
- Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը 7 անդամներից բաղկացած Խորհուրդն է, որը ղեկավարում է Հիմնադրամի գործունեությունը սույն կանոնադրությանը համապատասխան:
- Հիմնադրամի Խորհրդի անդամները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ:
- Խորհրդի անդամներն իրավունք ունեն առաջարկություններ ներկայացնելու Խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ, նախապատրաստել և Խորհրդի քննարկմանը ներկայացնել հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր, ստանալ տեղեկություններ Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ, ստանալ Խորհրդի անդամի պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում։
- Խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել Խորհրդի նիստերին, իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով Հիմնադրամի շահերից:
- Հիմնադրամի Խորհրդի առաջին կազմի անդամները և Խորհրդի նախագահը նշանակվում են Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝ Հիմնադրի կողմից`երեք տարի ժամկետով: Հիմնադրամի Խորհրդի հաջորդ կազմի անդամները և Խորհրդի նախագահը նշանակվում են Հիմնադրի կողմից նախորդ կազմի անդամների և նախագահի լիազորությունների դադարման պահից 30-օրյա ժամկետում:
- Խորհրդի նախագահը`
- կազմակերպում է Խորհրդի աշխատանքները,
- որոշում և/կամ հաստատում է Խորհրդի նիստերի օրակարգերը.
- հրավիրում է Խորհրդի նիստեր` սեփական նախաձեռնությամբ, Խորհրդի ցանկացած անդամի կամ տնօրենի առաջարկությամբ.
- նախագահում է Խորհրդի նիստերը և ստորագրում նիստերի արձանագրությունները.
- վերահսկում է Խորհրդի նիստերում ընդունված որոշումների կատարումը:
- Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները Խորհրդի որոշմամբ կատարում է Խորհրդի անդամներից որևէ մեկը:
- Խորհրդի բացառիկ իրավասություններն են`
- Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը,
- Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը.
- Հիմնադրամի տարեկան բյուջեի և ծրագրերի հաստատումը, Հիմնադրամի տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.
- Հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտոր ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը.
- Հիմնադրամի գույքի նպատակային օգտագործումը, ինչպես նաև՝ Հիմնադրամի տնօրենի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
- Խորհրդի նախագահի առաջարկությամբ Հիմնադրամի տնօրենին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը
- Խորհրդի անդամների լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների ընդունումը,
- Հիմնադրամը վերակազմակերպելը.
- Հիմնադրամի ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ ստեղծելը, վերակազմակերպելը, լուծարելը, կանոնադրությունները հաստատելը, ինչպես նաև՝ դրանց գործադիր տնօրեններին պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը:
- Խորհուրդն իրականացնում է նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավասություններ:
- Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի նիստերը գումարվում են պարբերաբար` տարեկան առնվազն երկու անգամ:
- Խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:
- Խորհրդում որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
- Խորհրդի սահմանած դեպքերում Խորհրդի որոշումներն ընդունվում են հարցման միջոցով:
- Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամի համար կարող է սահմանվել դրամական փոխհատուցում այն ծախսերի համար, որոնք կապված են Խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է Խորհուրդը:
- Խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման և նոր անդամի ընտրության կարգը սահմանվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
- Հիմնադրամի գործադիր մարմինը տնօրենն է (այսուհետ՝ Տնօրեն): Տնօրենը նշանակվում է Խորհրդի կողմից` Խորհրդի նախագահի առաջարկությամբ:
- Տնօրենը`
- կազմակերպում և ղեկավարում է Հիմնադրամի ընթացիկ գործունեությունը և լուծում դրա հետ կապված բոլոր հարցերը` բացի Խորհրդի իրավասությանը վերապահված հարցերից,
- իր գործունեության համար հաշվետու է Խորհրդին.
- իր իրավասության սահմաններում` առանց լիազորագրի գործում է Հիմնադրամի անունից, ներկայացնում նրա շահերը, Հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում, տնօրինում է Հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, կնքում պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային, տալիս լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, հաստատում հաստիքները, արձակում հրամաններ, Հիմնադրամի աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, ինչպես նաև իրականացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և Խորհրդի կողմից տնօրենին վերապահված այլ լիազորություններ:
- Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ և տնօրենի հետ կնքված պայմանագրով: Նշված պայմանագիրը Հիմնադրամի անունից կնքում է Խորհրդի նախագահը կամ նրա կողմից լիազորված այլ անձ:
- Տնօրենն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն Խորհրդի համաձայնությամբ:
6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
-
- Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական և այլ հաշվետվություններ։
- Տնօրենը պատասխանատվություն է կրում Հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման վիճակի և դրա հավաստիության, տարեկան հաշվետվությունը, ֆինանսական և այլ հաշվետվություններ համապատասխան պետական մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին Հիմնադրամի մասին տրամադրվող տեղեկատվության համար։
- Հիմնադրամի ֆինանսական գործունեությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ Խորհրդի կողմից ընտրված աուդիտ իրականացնող անձի կողմից։
7. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
-
- Հիմնադրամը վերակազմակերպվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդ որում, Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումը կարող է ընդունել Խորհուրդը:
8. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
-
- Հիմնադրամը լուծարվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման հաշվեկշռի հաստատման պահին Հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: