«Համերաշխություն» հիմնադրամ

«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնած, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետամուտ է լինում սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակների իրականացմանը: Հիմնադրամը պետական գրանցում է ստացել 2020 թվականի հունվարի 23-ին։ Հիմնադրամը անկախ հասարակական միավորում է, որը կառավարվում է Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կողմից։

 

Մեր տեսլականը

Զարգանալ որպես կրթահետազոտական ինստիտուտ և մեր աշխատանքով նպաստել, որպեսզի ունենանք պետություն, որտեղ բոլոր քաղաքացիներն ապրում են համերաշխությամբ և ունեն գոյության, պաշտպանվածության, զարգացման, մրցունակության և մասնակցության հավասար իրավունքներ։

 

Մեր առաքելությունը

Մեր առաքելությունն է կրթական և հետազոտական ծրագրերի միջոցով մշակել կենսունակ մոդելներ, որոնք կնպաստեն հանրության տարբեր խմբերի միջև համերաշխության կայացմանը։

Մենք գտնում ենք, որ երկրի իրական զարգացումը հնարավոր է բացառապես համերաշխ մթնոլորտում, իսկ համերաշխության կարելի է հասնել տարբեր խմբերի շահերի և տեսանկյունների համադրմամբ։ Շահերի այդ համադրումը հնարավոր է կենսունակ քաղաքական ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ են լուրջ հետազոտական գործունեություն և դրա արդյունքները կրթական ծրագրերի միջոցով հանրության տարբեր խմբերին փոխանցելու մեխանիզմներ։ Այդ առթիվ կրթական և հետազոտական ծրագրերը «Համերաշխություն» հիմնադրամի համար բացարձակ առաջնահերթություն են, որոնք կարող են համալրվել այլ ոլորտներում գործունեությամբ, եթե դրանք վերջին հաշվով ծառայում են վերոնշյալ առաքելությանը:

 

Մեր նպատակները

Հիմնադրամի գործունեության նպատակն է աջակցել ՀՀ քաղաքական դաշտի և քաղաքական գիտակցության խթանմանն ու զարգացմանը, քաղաքական գործընթացների գաղափարացմանը և քաղաքականացմանը։ Նեղ անձնային և խմբակային շահերի վրա հիմնված, ծրագրերից և գաղափարներից զուրկ քաղաքական դաշտը ոչ միայն չի կարող նպաստել հանրային համերաշխության կայացմանը, այլև հանրությանը պառակտելու փորձված միջոց է։